Պավել Մանուկյան. Մի մոռացեք տղաներին

պավլիկՊավել Մանուկյանի Ամանորյա ուղերձը  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր տարի,  իմ հայ ժողովուրդ, մանավանդ, որ Ձեզ գալիք տարվա համար առաջարկում են գոտիներդ ձգեք: Ես էլ եմ միանում այդ մաղթանքին, բայց ոչ ճորտին վայել, այլ մաղթում եմ գոտեպնդվեք ու պատրաստվեք գոտեմարտի: Թող Ձեր սեղանի աղքատիկ հացը դառնա Նաղաշի և բարձրյալը այն Ձեզ շնորհ կանի Ձեր գոտեմարտի դիմաց:
Եթե այս տարին չկարողացանք դիմավորել պատվով, ապա գալիքին հասնենք միասին: Ինձ համար անցյալը պատվաբեր էր ու զարթոնքի: Հիմա էլ, որ հիշում եմ, երբ հազարավոր մարդիկ վանկարկում էին մեր անունները, արցունքը աչքերս է լցվում, հոգիս ուզում է թե բերանիցս դուրս գա:

Ես չգիտեմ, թե տղաները ինչպես էին ընկալում, բայց իմ մոտ այն տպավորությունն էր կարծես, թե հոտս ընկել էր ոհմակի շուրջկալի մեջ ու իր գամփռներին էր կանչում, ավելի շուտ կարծես հոտս էր հասել գամփռներին օգնության:

Ինձ համար առավել պատվաբեր էր նաև նրանով, որ իմ երիտասարդ քոթոթը նույնպես դասվեց այնպիսի պատվաբեր գամփռների դասին, ինչպիսին են Արմենը, Արոն, Վարուժանը և այլն, որ նա էլ անմասն չմնաց անհավասար պայքարում ոհմակի խոցոտող ժանիքից և այդ բոլոր ցավերը տարավ անմռունչ ու անտրտունջ, որ նա էլ զգաց ժողովրդի սերը և որն ավելի մեծ պատասխանատվություն իջեցրեց վրան և որն էլ դարձրեց ավելի առաքինի:

Ձեր ընտանեկան ջերմության մեջ երկրորդ բաժակը չմոռանաք հոտնկայս խմել այն տղաների կենացը, որոնք իրենց փայ երջանկությունը նվիրեցին Ձեզ և Ձեր զավակներին, նրանց հետ նաև մերը` Ծռերիս:
Եթե կմեռնենք ապա քո ոտքերի առջև, եթե կսատկեմ` ոտքերիդ վերքերիդ փարված իմ հայ ժողովուրդ»:


Աղբյուր՝ Պավել Մանուկյան. Մի մոռացեք տղաներին