ՀԱԿ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին

182

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստում քննարկվել են Կոնգրեսի համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը, վարչությունը որոշել է.

1. Հիմնվելով կուսակցության կանոնադրության 6.4 կետի վրա, 2016թ.-ի դեկտեմբերի 17-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի երկրորդ (20-րդ) Համագումարը:

2. Հիմք ընդունելով կուսակցության կանոնադրության 8.2 (2) կետի պահանջը, սահմանել Համագումարի հետևյալ օրակարգը՝

ա) Նախագահի և վարչության հաշվետվությունը՝ կուսակցության ծրագրի և առաջին (19-րդ) համագումարի որոշումների կատարման մասին,

բ) Վերահսկիչ հանձնաժողովի հաղորդումը և եզրակացությունը՝ կուսակցության ֆինանսական միջոցների օգտագործման մասին,

գ) Կոնգրեսի Նախագահի ընտրություն,
դ) Կոնգրեսի վարչության ընտրություն,

ե) Կոնգրեսի վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն,

զ) Համագումարի բանաձևի ընդունում:

3. Հիմք ընդունելով կանոնադրության 5.6 և 8.2 (2) կետերի պահանջները, Համագումարը նախապատրաստելու նպատակով՝

ա) Հանձնարարել Կոնգրեսի Տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովին՝ մեկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և վարչության հաստատմանը ներկայացնել Համագումարի պատվիրակների ընտրության կարգի նախագիծը և տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովների հրավիրման ժամանակացույցը:

բ) Կոնգրեսի Նախագահի և ընտրովի մարմինների ընտրության կարգի նախագիծը մշակելու նպատակով, ձևավորել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Սամվել Աբրահամյան, Ավետիս Ավագյան, Վահագն Հայոցյան, Սարգիս Թամազյան, Բագրատ Անդրեասյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ ընտրության կարգի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել երկշաբաթյա ժամկետում:

գ) Հանձնարարել վարչության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին՝ մեկամսյա ժամկետում կազմել և վարչության քննարկմանը ներկայացնել վարչության հաշվետվության նախագիծը:

դ) Համագումարի բանաձևի նախագիծը մշակելու նպատակով, ձևավորել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Արման Մուսինյան, Վլադիմիր Կարապետյան, Աշոտ Սարգսյան, Վոլոդյա Հովհաննիսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ բանաձևի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել մեկամսյա ժամկետում:

Source: http://www.andradardz.am/